Պետություն

Եփրատից մինչև Քուռ: Հայաստանն այլ սահմաններ չունի

7 Հուլիսի, 2024

Հայաստանը հստակ սահմաններով պետություն է, որի սահմաններն այժմ օկուպացրել են: Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Աշխարհաժողով» համահայկական շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը։

«Հայաստանի սահմանները սկիզբ են առնում ամեն մի հայի և հայուհու սրտում։ Միայն այնտեղ՝ սրտի խորքում է գտնվում Հայկական հարցի՝ Մերձավոր Արևելքի ու Կովկասի այդ մեծագույն առեղծվածի պատասխանը։ Եվ ինչքան լայն է բացված հայի սիրտը իր ժողովրդի համար, այնքան նա մոտ է հայոց իրական սահմաններին։ Քանզի Հայաստանի քարտեզը նրա սրտի ուրվագիծն է», — ընդգծել է քաղաքական գործիչը։

Սարգիս Ծատուրյանը մերժում է Հայաստանի բաժանումը «պատմական» և «ժամանակակից» Հայաստանի: «Կա միայն մեկ Հայաստան՝ իր 15 աշխարհներով։ Եվ հայկական հողերի ավելի քան 90 տոկոսը բռնազավթված է Թուրքիայի և Բաքվի ֆաշիստների կողմից»։

Նա ներկայացրել է Հայաստանի քարտեզը, որի հիմնական նպատակն է պահպանել Կովկասի ու Մերձավոր Արևելքի հայերի և այլ բնիկ ժողովուրդների ինքնությունը։

«Յուրաքանչյուր ժողովուրդ Աստծուց այնքան հող է ստացել, որքան պետք է եղել սեփական առաքելության իրականացման համար։ Հայերին տրված էր մեծ պետություն, ավելի քան 275 000 քառ․ կմ տարածքով։

Ինչի՞ց այս ամենը սկիզբ առավ։ 2024 թվականի օգոստոսի 11֊ին լրանում է 4516 տարին այն պահից, երբ հայերի նախահայր Հայկը Բաբելոնի բռնապետ Բելին հաղթելուց հետո հիմնեց Հայաստանը։ Հայկյան ժամանակներից մինչև Հայաստանի առաջին բաժանումը 387թ․ ք․ հ․ մեր Հայրենիքը ապրում էր Եփրատից մինչև Քուռ ընկած սահմաններում։ Այդ սահմանները Հայաստանը պահել է 2879 տարի։

Մարդկության պատմության մեջ չկա մի ժողովուրդ, որ այդքան երկար պահպանած լինի իր պետության սահմանները։ Օրինակ՝ Հռոմեական կայսրությունը գոյատևել է 500 տարի, Բյուզանդիան՝ 1000 տարուց մի փոքր ավելի։ Օսմանյան կայսրությունը` 623 տարի, Ռուսաստանի կայսրությունը՝ համարյա 200 տարի», — հավելել է «Աշխարհաժոխով» համահայկական շարժման հիմնադիրը։

Ծատուրյանը համոզված է, որ չի կարելի Հայաստանը մաս-մաս սիրել: «Ասենք, ընդունել Սյունիքը, բայց մերժել Արցախը կամ Բարձր Հայքը։ Չէ՞որ Հայաստանը որոշակի երևույթ է որոշակի սահմաններով։ Երբ դուք սիրում եք կնոջը կամ երեխային, դուք սիրում եք ամբողջովին, հոգին ու մարմինը, ոտքից գլուխ։ Այդպես էլ մենք՝ հայերս պիտի սիրենք մեր Հայրենիքը բացարձակ սիրով։ Ճանաչելով նրա ֆիզիկական սահմանները Եփրատից մինչև Քուռ, քանզի այլ սահմաններ Հայաստանը չունի։ Մնացած ամենը զավթիչների և նրանց գաղութարար դրածոների հորինվածքներն են»։

Քաղաքական գործիչը վստահ է, որ հայ ժողովրդի ապագան կախված է յուրաքանչյուր հայի բարոյական ընտրությունից։ «Մեր ապագան որոշվում է ոչ թե Մոսկվայում, Բաքվում, Անկարայում կամ Լոնդոնում, այլ քո սրտում, այստեղ և հիմա։

Կա՛մ դու հրաժարվում ես թշնամու պարտադրած իրականությունից ու բռնազավթումից և ընտրում ես Հայկական երազանքը նոր իրականություն կառուցելու համար, կա՛մ համաձայնում ես բռնազավթման և ստրկության հետ։ Հա՛յ, հիշիր՝ միայն սերն է ծնում միասնություն։ Միայն միասնությունն է ուժ տալիս։ Միայն ուժը կարող է վերականգնել մեր պապերի ու նախապապերի Հայաստանը», — շեշտել է Ծատուրյանը։

Որոնում կայքէջում